Armenia
30 December 2022

«Ինչպե՞ս հատել ռուս-հայկական սահմանը»

Ռուսաստանից Հայաստան արտագաղթի տեսանելի ու անտեսանելի խնդիրները

© Har Toum


Հայերեն   English   Русский


Գրեթե ամեն օր անցնում եմ Սարյանի տուն-թանգարանի մոտակայքում գտնվող համանուն փողոցի շենքերից մեկի պատի մոտով։ Հիշում եմ, թե ինչպես վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում հանգիստ բնակելի փողոցից՝ համակարգչի մասերի աչքի չընկնող խանութներով, այն վերածվեց Երևանի գլխավոր «փառամոլության տոնավաճառի»՝ գեղեցիկ և նորաձև գինետների շարանի: Այստեղ ժամանակ են անցկացնում Երևանի «միջին խավը», սփյուռքահայերը արձակուրդների ժամանակ, Ռուսաստանից և այլ երկրներից զբոսաշրջիկները։

Այսօր այս պատն ամբողջությամբ փակցված է ազդագրերով՝ ակումբային համերգների, դասախոսությունների, Ինսթագրամ և Տելեգրամ ալիքներին հղումներով, անհասկանալի QR կոդերով քննարկումների, քաղաքական և թատերական իրադարձությունների անոնսների և այլն։ Գարնանից ի վեր այս պատի ուսումնասիրությունը դարձել է իմ սովորությունը. նայում եմ, թե մայրաքաղաքի կենտրոնում քանի՛ ազդագիր է գրված հանրապետության միակ պետական լեզվով՝ հայերենով։ Այսօր տեսնում եմ միայն մեկ այդպիսի ազդագիր՝ դաշնամուրային համերգի անոնսը. այն տպված է հայերենով և ռուսերենով։ Մնացած բոլորը, առանց բացառության, ռուսերենով են, տեղ-տեղ՝ լատինատառ։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Հայաստանը հանկարծ դարձավ փախչող ռուսների համար ցանկալի վայր․ ոմանց համար՝ փոխաբեռնման կետ, ոմանց համար էլ՝ երկիր, որտեղ կարելի է սպասել, «մինչև այդ ամենն ավարտվի»։ Տարբեր հաշվարկներով՝ Հայաստանում բնակություն է հաստատել 40-80 հազար ռուս:

Ռուսական արտագաղթը բուռն քննարկումների ալիք բարձրացրեց ընդունող երկրներում․ արդար և անարդար մեղադրանքներ փախստականների դերի հավակնության (պատերազմող Ուկրաինայի փախստականների ֆոնին), կայսերական վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև տարբեր քննադատություններ ինչպես Ռուսաստանում մնացած ընդդիմադիրների կողմից, այդպես էլ պուտինամետ մեծամասնության։ Սակայն հենց Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիներին ընդունելն ունի իր առանձնահատկությունները։

Նախ՝ պատերազմի փաստից, այլ ոչ մարտական գործողություններից փախչող մարդիկ հայտնվում են մի երկրում, որտեղ ընթանում է (անբոց այրվում, հասունանում, չի դադարում) պատերազմ՝ միանգամայն իրական և մոտ։

Երկրորդ՝ մարդիկ պուտինյան ռեժիմից փախչում են մի երկիր, որտեղ այս ռեժիմը դեռևս հասարակության որոշ մասի կողմից ընկալվում է, եթե ոչ դրական, ապա գոնե որպես չարյաց փոքրագույնը:

Երրորդ՝ մարդիկ հայտնվում են անծանոթ երկրում, սակայն փաստորեն ագրեսիայի և լեզվական խոչընդոտի չեն հանդիպում։

Չորրորդ՝ մարդիկ հայտնվում են մի երկրում, որտեղից բնիկ բնակչությունը երկար տարիներ փախել է հակառակ ուղղությամբ։

Եվ հինգերորդ՝ մարդիկ հայտնվում են մի երկրում, որի ինքնիշխանությունը (այդ թվում՝ վերը նշված պատճառներով) հաճախ իրենց հարաբերական է թվում։

Այդ ամենի հետ մեկտեղ, ռուսները հայտնվում են ընդհանուր առմամբ ժողովրդավարական երկրում, որտեղ իրենց հայրենիքում արգելված գրեթե ամեն ինչ, առնվազն խոսքի ազատության ոլորտում, թույլատրելի է և հաստատ չի պատժվելու օտարերկրյա գործակալի խարանով, իրական անազատության մեջ ընկնելով և խոշտանգումներով։

Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ երկու տասնամյակների ընթացքում կոխկռտվում էր քաղաքացիական ակտիվության ցանկացած ծիլ, և «ես քաղաքականությունից դուրս եմ» բանաձևը գրեթե առաքինություն էր համարվում, Հայաստանում քաղաքականությունից դուրս լինելն ընդունված չէ։ Մի երկու օրվա ընթացքում կարելի է հանդիպել խորհրդային իշխանության կարոտախտով տառապող տաքսու վարորդի, Պուտինի երկրպագու տաքսու վարորդի, հայ ազգայնական տաքսու վարորդի, դեմոկրատ և ազատական տաքսու վարորդի, տաքսու վարորդի, որը հավատում է, թե Հայաստանը կփրկվի միայն Եվրոպայի կամ Ամերիկայի շնորհիվ։

Սակայն 90%-ից ավելի հավանականությամբ, անկախ ձեր զրուցակցի ո՛ր քաղաքական սպեկտրում գտնվելու կետից, «ռուսի» նկատմամբ վերաբերմունքը բարյացակամ է լինելու։ Այստեղ միանգամից մի քանի պատմական, աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունն է ի հայտ գալիս, կարճ ասած` Ռուսաստանի հետ սերտ ընտանեկան և մշակութային կապերը, ավագ սերնդի ռուսական կրթությունը, Ադրբեջանի հետ պատերազմի և Թուրքիայի հետ փակ սահմանի պատճառով, Ռուսաստանից Հայաստանի՝ տարիներ շարունակ հսկայական տնտեսական և քաղաքական կախվածությունը։ Հաշվի առնելով, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը, մենք հանգիստ կարող ենք այս կախվածությունը պատանդություն անվանել։

Բացի այդ, աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը հենց Ռուսաստանում է, և հայերը բացարձակ սովոր չեն միգրացիոն հոսքին հակառակ ուղղությամբ։ Ռուսաստանից բավականին բարեկեցիկ մարդկանց ժամանումը այստեղ սկզբում ընկալվում էր որպես անհեթեթություն և բազմաթիվ կատակների տեղիք տվեց՝ «Երևանը առաձգական չէ» և «Տալիս եմ վարձով բնակարան միայն կովկասյան ազգության անձանց»։ Հաշվի առնելով, թե որքան հայեր էին ամենայն լրջությամբ Ռուսաստանում անցել այս հայտնի ռասիստական ատրակցիոնների միջով, կարելի է միայն զարմանալ, որ այդ կատակները իրականում չար չէին և իրականություն չդարձան։

Առաջին ամիսներին սրընթաց աճող «Ռուսները Ստեփանավանում» կամ «Ռուսալեզու Հրազդան» կարգի զրուցարանները զավեշտ էին թվում։ Հանդիպելով այս նոր իրողությանը՝ տեղացիները հիմնականում որոշեցին այդ մարդկանց ընկալել սովորական ձևով՝ որպես հյուրերի, այսինքն՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների՝ նման վերաբերմունքի բոլոր առավելություններով և բացասական կողմերով։

Ուսումնասիրելով իրավիճակը միաժամանակ երկու դիտանկյունից. ինքս էլ մեծ հաշվով լինելով եկած, ինչպես ասում էին՝ понаехавшей, թեև պատերազմից առաջ, իսկ մյուս կողմից՝ երկար տարիներ հայկական կյանքով անմարելի նեոֆիտային էնտուզիազմով հետաքրքրվող, ես միգուցե իրավիճակը մի փոքր ավելի ծավալուն եմ ընկալում։ Մի կողմից, լավ եմ հասկանում Ռուսաստանից արտագաղթածների դրդապատճառները և կարեկցում նրանց։ Մյուս կողմից՝ հաճախ ավելի սուր եմ զգում Հայաստանի հանդեպ մեծամտությունն ու արհամարհանքը, քան իմ որոշ հայ ընկերները: Ժամանակ առ ժամանակ պետք է «ժամացույցների ճշգրտում» կատարել․ արդյոք օրինաչա՞փ է իմ դժգոհությունը, թե՞ փորձում եմ «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել»:

Արտագաղթի դրական կողմերի շարքում հայերը նշում են ի հայտ եկած «բազմազանությունը» (Հայաստանը տարածաշրջանի ամենամիաէթնիկ պետությունն է՝ բնակչության 98%-ը կազմում են հայերը), տնտեսական առավելությունները, որոշ նոր մշակութային ձեռնարկումների ի հայտ գալը և Հայաստանի ճանաչելիության բարձրացումը տարածաշրջանում։ Շատերը համակրանքով են խոսում նրանց մասին, ովքեր ձեռնամուխ են եղել լեզու ուսումնասիրելուն և ներգրավվել տեղական խնդիրների մեջ՝ բնապահպանական շարժումներ, բարեգործություն, արյան դոնորություն և այլն։

Ամբողջ տեքստում վերապահումներ և ռևերանսներ անելու անհրաժեշտությունից խուսափելու համար շեշտեմ՝ Ռուսաստանից Հայաստան եկած մարդիկ տարբեր են։ Մեծ մասամբ նրանք երիտասարդ են կամ միջին տարիքի, մեծ քաղաքներից են եկել, հիմնականում՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից: Նրանց մեծ մասը կրթված է (չնայած սեպտեմբերյան ալիքը բերեց շատերին, ովքեր չհասցրեցին կրթություն ստանալ)։ Ընդհանուր առմամբ, նրանց միավորում է Պուտինի ռեժիմի և կոնկրետ՝ Ուկրաինայում պատերազմի չընդունելը, այդ չընդունելու ուժը սակայն տատանվում է ոչ շատ բարձրից մինչև քաղաքական ակտիվություն: Առաջին ալիքի ժամանակ արտագաղթողների մեծ մասը «ռելոկանտներ» էին ՏՏ ոլորտից, և լավ եկամուտ ունեցողների մասը ակնհայտորեն միջինից բարձր էր: Երկրորդ՝ հետզորահավաքային ալիքի ժամանակ առավել նկատելի դարձան ցանկացած աշխատանքի պատրաստ երիտասարդները։ Մեծամասնությունը, հաղթահարելով հարմարեցման առաջին փուլը, սկսեց հետաքրքրվել և՛ շրջապատող իրողություններով, և՛ գիտակցել իրենց դրանցում: Խոսքը նրանց մասին չէ։

Առանց վերլուծության կամ վիճակագրության հավակնելու՝ ուզում եմ կենտրոնանալ հենց մտահոգություն առաջացնող խնդրահարույց միտումների վրա, որոնք կամա թե ակամա կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի կյանքի վրա։

Դժվար է չնկատել ռուս և արևմտյան լրագրողների և սոցիոլոգների հետաքրքրությունը «ռուս ռելոկանտների» նկատմամբ՝ հյուրընկալող հայ հասարակության նկատմամբ հետաքրքրության գրեթե իսպառ բացակայությամբ։

Չգրեմ մանրամասն «Արդյոք չի՞ ցանկանա Ռուսաստանը, ըստ «բարի» ավանդույթի, գալ այստեղ՝ պաշտպանելու հայրենակիցներին» ոչ այնքան անհիմն վախի մասին, կամ, հակառակը, այն վախի մասին, որ Հայաստանում ռուսական ընդդիմությունը գլխներիս կբերի «մեծ եղբոր» զայրույթը։

Չեմ անդրադառնում նաև ամենաաղմկահարույց թեմային՝ անշարժ գույքի գների անհավանական աճին, որը հարվածել է և՛ տեղի բնակիչներին, և՛ արցախցի փախստականներին (այս մասին տե՛ս Սամսոն Մարտիրոսյանի հոդվածը):

Ավելի քիչ նկատելի, սակայն ավելի հիմնարար «դժգոհությունները» եկած ռուսների նկատմամբ (հաճախակի չբարձրաձայնած) կարելի է հանգեցնել երկու կետի.

1. սնոբիզմ (գոռոզություն, «կայսերականություն», ամբարտավանություն, գերազանցության զգացում, «նրանք մեզ պարզապես չեն նկատում»).

2. նախահարձակություն (հիմնականում խոսակցական, դյուրագրգռություն, անհամբերություն, հրապարակային ոչ նորմատիվ անպարկեշտ արտահայտություններ, կոպտություն սեփական երեխաների նկատմամբ, աննրբանկատություն, ալկոհոլի չարաշահում):

Հատուկ տեղ է զբաղեցնում, թեև իրականում վերաբերում է առաջին կետին, լեզվի հարցը՝ որպես ամենացավոտն ու կարևորը։

Փետրվարից ի վեր Տելեգրամ ալիքները հեղեղված են նորեկների համար միանգամայն նորմալ հարցերով, սակայն այն երկրի հանդեպ, որտեղ հայտնվել է հարց տվողը, որևէ ռեֆլեքսիայի բացակայությունը կասկածելի և տհաճ է դարձնում այդ ձևակերպումը:

Ռուսաստանից եկածների ընտրած բազմաթիվ բառերի մեջ առանձնացնում եմ «նորմալ» բառը։

«Այստեղ ընդհանրապես ՆՈՐՄԱԼ շաուրմա կա՞», «Որտե՞ղ կան ՆՈՐՄԱԼ սարքավորումների խանութներ», «Աղջիկնե՛ր, խորհուրդ տվեք ՆՈՐՄԱԼ մանկապարտեզ», «Իսկ ի՞նչ, այստեղ ՆՈՐՄԱԼ բժիշկներ չկան» և, իմ ամենասիրելին՝ «Այստեղ երբևիցե ՆՈՐՄԱԼ ջեռուցում լինո՞ւմ է»:

«Նորմալ» բառը փաստորեն դառնում է Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի հոմանիշը։ Իհարկե, նոր վայրում կենցաղային հարմարավետության որոշ ծանոթ հենակետեր ստեղծելու ցանկությունը միանգամայն բնական է, սակայն ամեն դեպքում, թե ինչու Հայաստանում չկա ՆՈՐՄԱԼ ջեռուցում հասկանալու ակնհայտ ցանկության բացակայության հետ բախումը ընկճում է (չնայած ջեռուցում չկա գրեթե ոչ մի տեղ, բացառությամբ Ռուսաստանի)։ Ի պատասխան՝ 1990-ականներին Հայաստանում շրջափակումը (այսպես կոչված «ցուրտ ու մութ տարիներ») տեսած մարդիկ ակամայից կուչ են գալիս՝ հիշելով ցուրտը և հովհարային անջատումները:

«ՆՈՐՄԱԼ սուրճ» Հայաստանում՝ մի երկրում, որտեղ սուրճը պաշտամունք է, ինչպես դժվար չէ կռահել, նույնպես չկա, ինչպես նաև «ՆՈՐՄԱԼ սուշիի ընտրություն Գյումրիում», որտեղ մարդկանց մի մասը 1988-ի երկրաշարժից հետո դեռ չի ստացել նույնիսկ լիարժեք տուն (դա, իհարկե, նորեկների մեղքը չէ, սակայն սեփական փորձի սահմաններից դուրս նայելու առիթ):

Այս ամիսների ընթացքում ռուսները մի քանի «նորմալ» բարեր ու սրճարաններ բացեցին։ Դրանցից մեկում երևանցի ընկերս չկարողացավ սուրճ պատվիրել հայերեն լեզվով։

Եթե «դդմի լատեի» չարաբաստիկ ու անմեղ պատմությունն այսքան մեծ ալիք բարձրացրեց Ռուսաստանից անկախ Իսրայելում, ապա ի՞նչ կարող ենք ասել նման «լատեների» մասին տնտեսապես ոչ այնքան բարեկեցիկ և ավելի մեծ կախվածություն ունեցող Հայաստանում։

Սնոբիզմը ոչ թե սովորական դարձած նորմայի կարոտի մեջ է, այլ դրա արտահայտման ձևի մեջ, որը հաճախ դրսևորում է անհամբեր դժգոհություն: Արդյոք դա իսկապես տխրահռչակ գաղութատիրությո՞ւնն է, թե՞ պարզապես վատ դաստիարակություն: Դա բարդ նրբերանգներ են, և, հետևաբար, մեղմ փորձերը բացատրելու, թե ինչն է սխալ, ամենից հաճախ հանգեցնում են օրինաչափ զարմանքի. «Իսկ ի՞նչ է, քննադատելն արգելվա՞ծ է: Չէ՞ որ սպասարկումն իսկապես ահավոր է»։

Երևանը հարմարավետ և «նորմալ» դարձնելը, այն վերափոխելն իրենց չափով և պահանջներին համապատասխան, և անել դա անմիջապես, առանց միջավայրը հասկանալու փորձի, առաջին գարնանային ալիքին բնորոշ հատկանիշներից է։

Հայաստանը, Երևանը հանկարծ պարզորոշ հայտնվեցին ռուսների մշակութային քարտեզի վրա. մինչ այդ, կարելի է ասել, գոյություն չունեին (ի տարբերություն, օրինակ՝ Ռիգայի կամ Թբիլիսիի)։ Ճիշտ է, երբեմն զվարճալի է լսել, օրինակ՝ ռուսների ինտելեկտուալ բանավեճերը Գարեգին Նժդեհի ազգայնականության՝ ցեղակրոնության շուրջ, նոր ժամանած արվեստի պատմաբաններին, որոնք առաջարկում են էքսկուրսիաներ «անհայտ Երևանով», ինչը, իրականում, վատ բան չէ, սակայն կայծակնային արագությամբ փորձագետ դառնալը մի փոքր վախեցնում է:

Մշակութային իմաստով Երևանը շատերի համար դարձավ հենց «հարթակ». հարմար և չեզոք վայր տարբեր տեսակի միջոցառումների «ռելոկացիայի» համար։ Այստեղ են տեղափոխվել փառատոներ, ցուցահանդեսներ, ակումբներ և տոնավաճառներ։ Ասել, որ այս բոլոր նախաձեռնությունները բնավ չեն գոհացնում տեղացիներին, հիմարություն կլիներ. դա այդպես չէ։ Սակայն շատ իրադարձություններ ուղղակի տեղի են ունենում զուգահեռ իրականությունում։ Պատճառը և՛ տոմսերի ուռճացված գներն են, և՛ լեզուն, և՛, հատկապես, համացանցում տեղեկատվության տարածման ձևը՝ գրեթե ամբողջությամբ ռուսական ալիքների միջոցով։ Արդյունքում՝ կազուսներ են առաջանում, երբ լեփ-լեցուն դահլիճի առաջ ելույթ ունեցող հյուրը հրապարակավ համերաշխություն է հայտնում հայերին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ, սակայն ողջ դահլիճում տեղի հայերին կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել։

«Ընդանրապես չեմ հասկանում, թե հայերն ինչի՛ց են դժգոհ՝ մենք բարձրացրեցինք նրանց ВВП-ն (ՀՆԱ)»,- լսել եմ բազմաթիվ անգամներ։ Ինչպես սրամտորեն նկատեց ծանոթներիցս մեկը, «ռուսներն արդեն իրենց երկրում մի այդպիսի ВВП բարձրացրեցին, արժի՞, որ մեզ մոտ էլ նույնն անեն»։

Խնդիրը, իհարկե, ոչ թե հաստատվող կամ հերքվող հայտարարության մեջ է, այլ որևէ ռեֆլեքսիա բացառող մեծամտության մեջ, որը չի սասանվել անգամ 2022 թվականից ի վեր և հաճախ հիմնված է ամեն ինչ բացառապես շուկայական օրենքներով բացատրելու սովորության վրա։ «Ի՞նչ է նշանակում՝ «երկիրը մեզ ապաստան է տվել»: Թող շնորհակալ լինեն՝ այդքան փող եմ վճարում այստեղ բնակարանի համար»։

Քչերին են հետաքրքրում Հայաստանի տնտեսական կիսաշրջափակումը և այն, որ Հայաստանի բավականին համեստ ռեսուրսների հսկայական մասը պատկանում է Ռուսաստանին։ Իհարկե դժվար է ակնկալել հայկական կյանքի նրբերանգների իմացություն նրանցից, ովքեր գարնանը հետաքրքրվում էին «Բաքվից Երևան նորմալ ուղիղ չվերթերով» կամ «ինչպե՞ս լավագույնս անցնել ռուս-հայկական սահմանը», կամ զարմացած էին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացակայությամբ․ «COVID-ի պատճառո՞վ են փակել»։ Այս հարցերը, ինչպես և իմ ամենասիրելի հարցը՝ ուղղված այն ազգի ներկայացուցիչներին, որոնք հպարտանում են, որ աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը․ «Ո՞նց, դուք այստեղ մուսուլմա՞ն չեք» դարձել են մեմեր, սակայն ցանկալի է որոշակի հետաքրքրություն ակնկալել երկրում վեց ամիս գտնվելուց անց:

Կարևոր է նշել, որ այս ապրումակցելու ու խորամուխ լինելու ցանկության բացակայությունը ոչ միայն տնտեսական էմիգրանտների մենաշնորհն է, այլ նաև բնորոշ է որոշ «արդար նպատակի համար» քաղաքական պայքարողներին, որոնք վստահ են, որ բողոքի ակցիաները կարելի է նույնպես հեշտությամբ «ռելոկացնել» այլ երկիր, ինչպես ՏՏ ընկերությունը, գրեթե առանց հաշվի առնելու տեղական իրողությունները։ Յաշինին ազատ արձակելու կամ Պուտինին տապալելու կոչերով հանրահավաքները Երևանի Ազատության հրապարակում անհեթեթություն են, և պարզ չէ, թե ո՛ւմ են ուղղված: Բողոքն օգտագործվում է որպես «ոչ բավականաչափ հակառուսական հայերին» խելք սովորեցնելու պատրվակ։

Չնայած Հայաստանի՝ որպես չափից դուրս ռուսամետ երկրի նկատմամբ քամահրական վերաբերմունքը վերջին տարիներին խիստ բնորոշ է ռուսական ազատական լրատվամիջոցներին, ռուսական պետական լրատվամիջոցները, ընդհակառակը, Հայաստանին մեղադրում են ոչ բավականաչափ լոյալության համար և մատ են թափ տալիս, ինչը զարմանալի չէ։

Ինչ վերաբերում է ագրեսիային, թեկուզ չգիտակցված, այն ներթափանցում է ռուսական առօրյա կյանք և անմիջապես նկատելի է դառնում նոր հողի վրա։ Այստեղ ամեն ինչ ավելի մեղմ է՝ անձնագրային հսկողության ժամանակ, խանութում, անձնագրային բաժնում կամ նոտարական գրասենյակում։ Ուղղակի բռիությունը հազվադեպ է: Տխրահռչակ «սպասարկման» անարդյունավետությունը կամ դանդաղկոտությունը սովորաբար մեղմվում է բարյացակամ վերաբերմունքով: Սկզբում ինձ համար էլ ամենադժվարը հերթերն էին։ «Աղջի՛կ ջան, իսկապես հնարավո՞ր չէ երկրորդ դրամարկղը բացել»,- նման բան չէր հնչում։ Աջ ու ձախ էի նայում, փորձելով «հանցակիցներ» գտնել, որոնց հետ կարող էի կիսել զայրույթս, սակայն չէի գտնում ո՛չ խանութի դրամարկղի մոտ 15 րոպե, ո՛չ էլ բանկում տանջալից մեկ ժամ սպասելուց հետո: Տարբերությունը ոչ այնքան սպասարկման մեջ է, որքան Հայաստանում առօրյա ջղայնության հասնելու հսկայական շեմի, մինչդեռ Ռուսաստանում հաճախ հերիք է «լուցկի գցել, և կրակը այլևս հնարավոր չի լինի հանդարտեցնել»։

Շատերը նշում են ռուսների ագրեսիան «սպասարկող անձնակազմի», օրինակ՝ մատուցողների նկատմամբ, որը հիմնված է՝ վճարում եմ, ուրեմն իրավունք ունեմ պահանջելու։ Այստեղ հիմնական կարգավորումն այլ կերպ է հնչում. քանի որ վճարում եմ, կարող եմ խնդրել: Վճարելը չի ազատում, օրինակ, բարևելու անհրաժեշտությունից (այս «գործառույթը» երբեմն եկածների մոտ միացված չէ):

Վերջերս ներկա էի մի հանդիպման՝ արվեստի մասին բարյացակամ զրույցի։ Դժվար էր չնկատել, որ խոսող ռուսների (ինչպես նաև ռուսաստանցի հայերի) տոնայնությունն ու ճնշումը, ինչպես նաև ձևակերպումները մի քանի աստիճանով ավելի բարձր էին, քան ընդունող կողմի։ Կրկնում եմ՝ դա թեժ թեմաների շուրջ բանավեճ չէր։ Վստահ եմ, որ նախկինում չէի նկատի ագրեսիան նման նուրբ մակարդակում, հենց այն պատճառով, որ, հաստատ, ինքս էլ նույն կերպ էի խոսում (խոսո՞ւմ եմ)։ Կիսվեցի իմ դիտարկումով երևանցի ընկերուհուս հետ, որը խորապես արմատավորված է և՛ հայկական, և՛ ռուսական մշակույթներում։ Նա զարմացավ, որ նախկինում ես դա չէի նկատում: «Երբ գալիս էի Մոսկվա, և ինձ հետ հենց այս տոնով էին խոսում, միշտ ինչ-որ բանի համար արդարանալու ցանկություն էի ունենում։ Ի դեպ, այս ամառ Երևանում ինձ համարյա Մոսկվայում զգացի, երբ անշտապ քայլում էի նեղ փողոցով և հետևից լսեցի անհամբեր տոնայնությամբ, ռուսերենով. «Աղջի՛կ ջան, մի կերպ կողմնորոշվեք՝ աջ եք գնում, թե ձախ, թե չէ անհնար է անցնել»:

Այստեղ կարելի է դասել նաև հայհոյանքների խնդիրը՝ երկրորդ բացասական գործոնը բնակարանների գներից հետո, որը նշվում է Հայաստանում։ Ամենուրեք սովորական դարձած ռուսական հայհոյանքը հանրային տարածքում այստեղ որպես նորմ չի ընկալվում։ Առօրյա խոսքում ոչ նորմատիվ բառապաշարով բավականին հեշտ է տարբերել տեղացի հային Ռուսաստանում երկար ժամանակ ապրած կամ աշխատած հայից։ Ցավոք, ռուսների մտքով պարզապես չի անցնում, որ ռուսալեզու նման ազատ հաղորդակցությամբ կարելի է շփվել առանց հայհոյանքի, իսկ հայերն իրենց հերթին դիտողություն չեն անում «հյուրերին», բացառությամբ ծայրահեղ դեպքերի, թեև ծայրահեղ դեպքն արդեն կհանգեցնի ոչ թե դիտողության, այլ լուրջ բախման։

Եվ վերջապես, վերադառնալով լեզվի հարցին։

Երեսուն տարվա անկախությունից և ինքնիշխանությունից հետո, որոնք շատերի կողմից 2020 թվականի պատերազմի և վերջին իրադարձությունների լույսի ներքո ընկալվում են որպես ողբերգական սխալների, հիասթափությունների և պարտությունների շարան, հայոց լեզվի ամրապնդումն անվերապահ ձեռքբերում է։

Ռուսական դպրոցների և ռուսական կրթության կարգավիճակը խորհրդային տարիներին այնքան բարձր էր, որ մտավորականության մի զգալի մասի համար այն հիմնականում փոխարինում էր հայերենին։ Հայերենը պահպանվում էր հիմնականում որպես առօրյա հաղորդակցության լեզու, սակայն նրա հեղինակությունն ավելի ցածր էր։ Այս փաստը, տարբեր մակարդակներում հայ-ռուսական սերտ կապերի, ռուսալեզու լրատվամիջոցների և ավելի ուշ ինտերնետային բովանդակության հետ մեկտեղ (հայերեն տառատեսակների հետ կապված տարրական խնդիր հայկական համացանցի զարգացման վաղ փուլում) պահպանեց ռուսերենի իմացության բարձր մակարդակը հանրապետությունում։ Այդուհանդերձ, հայերենը, անշուշտ, դարձավ հաղորդակցության և կրթության հիմնական լեզուն, և այս տասնամյակների ընթացքում դրա իմացության մակարդակն ընդհանուր առմամբ համապատասխանում է նրա պետական կարգավիճակին։

Օրենքն ասում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միակ պետական լեզուն հայերենն է։ «Գովազդի մասին» օրենքը սահմանում է, որ ցանկացած գովազդ պետք է տպագրվի հայերեն (իսկ եթե թարգմանություն է պահանջվում, ապա օտար լեզվի տառերը պետք է լինեն ավելի փոքր չափսի, իսկ հայերեն շարադրանքի ծավալը չպետք է զիջի օտարալեզու տեղեկատվության ծավալին):

Սակայն դա ընդամենը օրենք է: Այստեղ տառակերները շատ չեն։ Իհարկե ոչ ոք չի սպասում, որ օտարերկրացին արագ տիրապետի հայերենին։

Մարդիկ, որոնք հանկարծակի հեռացել են իրենց երկրից, լքել իրենց տները և օտար երկրում նոր կենսակերպ են հաստատում, միշտ չէ, որ ունեն ուժ և հնարավորություն (վկայում եմ) բարդ օտար լեզու արագ սովորելու։ Մանավանդ որ մայրաքաղաքի խանութում կամ վարսավիրանոցում ռուսերենը (անգլերենի հետ) իսկապես կարող է բավարար լինել։

Առօրյա կյանքում լեզվի խնդիրը Հայաստանում այնքան էլ լեզվական խոչընդոտի խնդիրը չէ։ Խնդիրն այն է, որ ռուսները ռուսաց լեզուն ընկալում են լեզու ըստ լռելյայն և մեզ հետ ռուսերեն են խոսում, որովհետև դա բնական է և ՆՈՐՄԱԼ, և ոչ այն պատճառով, որ դա խոսողի բարի կամքի դրսևորում է։

Այս հարցի քննարկումը երբեմն հակազդեցություն է առաջացնում՝ «ինչո՞ւ պետք է ճնշել մեզ՝ եկածներին, ինչպես դա անում էին Սոբյանինի ժամանակների Մոսկվայում. խոսիր ռուսերեն, այլ ոչ թե քո աղճատված լեզվով»։ Սակայն նման համեմատությունը սկզբունքորեն պատշաճ չէ, քանի որ ռուսերենը լրիվ այլ կարգավիճակ ունի հայերենի նկատմամբ, ինչպես նաև այն պատճառով, որ գրեթե ոչ մեկի մտքով չի անցնի այստեղ որևէ մեկին դրա համար «ճնշել»։

Կրկնում եմ՝ այս խնդրի լուծումը ամենևին հայերենին կատարյալ տիրապետելը չէ, այլ պարզ և հասանելի բոլորի համար ջանքերի, ուշադրության գրեթե խորհրդանշական նշանների. սովորել մի քանի հիմնական արտահայտություն, ինչպիսին է «շնորհակալություն», «խնդրում եմ», «բարի օր», հետաքրքրվել, արդյոք զրուցակիցը տիրապետո՞ւմ է ռուսերենի։ Այսքանն արդեն բավական է, որպեսզի ստեղծվի մի մարդու տպավորություն, որը եկել է Հայաստան, այլ ոչ թե «հաբ», «լոկացիա» կամ ինչ-որ ծայրագավառ։

Ինչ վերաբերում է այստեղ ավելի հիմնովին տեղավորվողներին, միջոցառումներ անցկացնողներին կամ սեփական բիզնես բացողներին․ ընդհանուր առմամբ, բավական է պարզապես պահպանել «Լեզվի մասին» օրենքը։ Ի դեպ, դա վերաբերում է նաև նրանց, ովքեր ընդառաջ գնալով ռուսաստանցի նոր հաճախորդների ցանկություններին, սկսեցին անտեսել հայերենը, նույնիսկ աշխատանքից ազատել, օրինակ՝ ռուսերենին բավարար չափով չտիրապետող հայ աշխատակիցներին։

Անգամ չհասցնելով հարցը սկզբունքային բարձրության, բնական է, որ մարդն իր հարազատ քաղաքում պետք է ունենա մայրենի լեզվով սուրճ պատվիրելու հնարավորություն (դրա համար միայն անհրաժեշտ է, որ սրճարանում աշխատի հայերենին տիրապետող առնվազն մեկը)։

Նույնը վերաբերում է ռուսական հրապարակային միջոցառումներին։ Ոչ բոլոր կազմակերպիչներն ունեն սինքրոն թարգմանչի հնարավորություն, սակայն մինչ ներկայացման մեկնարկը ճշտել «Կա՞ որևէ մեկը, ով թարգմանչի կարիք ունի» և կողքը թարգմանիչ նստեցնել այնքան էլ անհնար պրակտիկա չէ։

Բնականաբար, երեխաների հետ եկածների շրջանում ռուսական մասնավոր դպրոցների հսկայական պահանջարկ կա։ Մի փոքր ավելի քիչ բնական են հնչում զրուցարաններում դժգոհությունները, որ մանկապարտեզի դաստիարակը հայախոս է, կամ հայ երեխաները ռուսերեն չեն խոսում, և «ռուս երեխաների համար միջոցառումները շատ քիչ են»: Ընդհանրապես, չնչին բացառություններով, չեմ հանդիպել նույնիսկ փոքրիկ ու արագ հարմարվող երեխային հայալեզու դպրոց ուղարկելու ցանկության նույնիսկ այն ընտանիքներում, որոնք հասկացել են, որ եկել են այստեղ երկար ժամանակով, այլ ոչ թե մի քանի ամսով։ Եվ դա նույնպես ինքնըստինքյան ընդունված է։

Այսպիսով, չնայած կենսապայմանների մակարդակի անկմանը և թանկացումներին, այն իրավիճակում, որում հայտնվել են պատերազմի հետ անհամաձայն ռուսները, Հայաստանը, ըստ երևույթին, նրանց համար թե՛ բարոյապես, թե՛ իրավական առումով «ամենահարմարավետն» է դարձել։ Սակայն հոգեբանական այս հարաբերական հարմարավետությունը, ինչպես նաև տեղի բնակիչների բարի կամքը, ոչ թե պետք է քնեցնի նրանց, այլ ընդհակառակը՝ ինքնավերլուծության առիթ դառնա։ Մեկ այլ երկիր տեղափոխվելը չի կարող լինել միայն ֆիզիկական տեղաշարժ տարածության մեջ: Ի վերջո, բազմաթիվ խնդիրներից հնարավոր է խուսափել մտածելու սովորությամբ. կոնկրետ որտե՞ղ հայտնվեցի ես և ի՞նչ պատճառով: Այստեղ դժվար է խուսափել ծեծված «օպտիկայի փոփոխության» մասին մի քանի բառից։ Սակայն նայելով թե՛ ինձ, թե՛ ուրիշներին, տեսնում եմ, որ շատերն այս պրոցեդուրան բավականին հաջող են անցնում։

Եվ այդ ժամանակ, ձեզ համար «նորմալ»-ի և սովորականի ակնկալիքների փոխարեն կամ դրա հետ մեկտեղ ցանկություն կառաջանա պարզելու, թե ինչու է այստեղ ամեն ինչ հենց այսպես և ոչ այլ կերպ (հուշում․ հաճախ ամենևին էլ ոչ այն պատճառով, որ մինչև այստեղ ռուսների գալը Հայաստանում ապրում էին վայրենիներ), ինչ-որ բան առաջարկելու և ստեղծելու կարիքը՝ այս նոր գիտելիքը հաշվի առնելով, այլ ոչ թե դրա վերևից։ Եվ այդ ժամանակ նախկին կայսրության մայրաքաղաքից եկած դիզայները կամ մենեջերը (որը դեռ չի հասցրել լիովին գիտակցել իր «նախկինությունը») մի քանի անգամ կմտածի, նախքան իր գալուց մի քանի շաբաթ անց տված հարցազրույցում ասել, որ թեև Երևանը «սովետական քաղաք է, բայց ռուսներն արդեն բացել են մի քանի նոր բարեր, և մենք ակնկալում ենք, որ Վասյա Պուպկինը Սանկտ Պետերբուրգից «ռելոկացվելու» է այստեղ՝ իր ունիկալ բուտիկով, և գուցե շուտով այստեղ հետաքրքիր կդառնա»։

«Հուսանք, որ դուք չեք հայտնվի նման պատերազմական իրավիճակում, քանի որ դա դժոխք է»,- համարյա բղավում է ռուսաստանցի, ո՛չ ուկրաինացի մի տղամարդ՝ ավարտելով ագահ հայերի ու բնակարանների գների մասին զայրացած գրառումը:

Երկու տարի առաջ պատերազմում այստեղ մոտ 5000 զինվոր էր զոհվել։ Բայց այս դժոխքը քչերին էր հետաքրքրում:

Սակայն վերջերս Սանկտ Պետերբուրգից մի շատ երիտասարդ անծանոթ տղա ասաց ինձ. «Ես ընդամենը երկու շաբաթ եմ այստեղ, բայց արցունք թափելու աստիճանի ցավալի է գիտակցել, թե ինչ սնոբական պղպջակում ենք ապրել և ոչ մեկին, բացի մեզանից, չենք նկատել»:

Այստեղ՝ Հայաստանում, մենք ունենք եզակի հնարավորություն ձեռք բերելու վերաիմաստավորման, համեստության և երախտագիտության այս փորձը ոչ թե «ռուսներ, լռե՛ք» կոշտ բացականչությունների ներքո (ինչի բոլոր իրավունքներն ուկրաինացիներն անշուշտ ունեն), այլ ինքնուրույն՝ ամենամեղմ և խնայող ձևով, սակայն դրա համար պետք է ցանկություն ունենալ գոնե լսել և տեսնել դիմացինին: